Ռուսական մեխանիզմը փոխարինվո՞ւմ է, Թուրքիայի խնդիրը՝ մնում

859

1in.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արցախյան պատերազմի վերաբերյալ արտահերթ նիստում քննարկել է հրադադարի և դրա վերահսկման մեխանիզմի հարցեր: Թե հատկապես ինչ բովանդակություն են ունեցել քննարկումներն ու ինչ որոշման են հանգել դրա մասնակիցները՝ պարզ չէ: Որոշակի տեղեկություններ հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը՝ չբացառելով, որ վերահսկման մեխանիզմը իրականացվի ԵԱՀԿ դիտորդների միջոցով: Դա կնշանակի, որ ռուս զինվորական դիտորդների մոսկովյան առաջարկը, որ օրեր առաջ արել էր Լավրովը կամ գաղտնազերծել էր Լավրովը իր հարցազրույցներից մեկի միջոցով, դուրս է մնում օրակարգից: Լավրովը հայտնել էր, որ հրադադարի մոսկովյան եռակողմ նախաձեռնությամբ դիտարկվում է զինվորական դիտորդների՝ շփման գծում տեղակայման հարցը՝ հրադադարը վերահսկելու համար, և Մոսկվան ճիշտ է համարում, որ դրանք լինեն ռուս զինվորական դիտորդներ: Ըստ ամենայնի հենց այստեղ է եղել նաև հրադադարի անարդյունավետության պատճառներից մեկը, որովհետև հազիվ թե որևէ կողմի համար սկզբունքորեն ընդունելի լինի այդ առաջարկը:

Հայաստանն իհարկե կարող էր, հաշվի առնելով Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունը, համաձայնություն տալ այդ տարբերակին, սակայն դրան համաձայնություն չէր տա Թուրքիան, որ Բաքվին մղել է պատերազմի, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանն անզոր կլինի, եթե չունենա Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների աջակցությունը, հատկապես ԱՄՆ պարագայում: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան թերևս աջակցություն չեն հայտնել ՌԴ զինվորականներով վերահսկելու գաղափարին, և առաջ է քաշվել ԵԱՀԿ մեխանիզմը: Սակայն այն, որ ԱԽ նիստի արդյունք ներկայացված չէ, հիմք է տալիս եզրակացնելու, որ այդուհանդերձ տվյալ մեխանիզմի առումով էլ չկան սկզբունքային համաձայնություններ:

Մյուս կողմից՝ խնդիրը թերևս այն է, որ հրադադարն ունի գործնականում մեկ խոչընդոտ՝ Թուրքիա: Ինչպես լուծել այդ հարցը՝ պատերազմ սկսողի և պատերազմը շարունակողի հարցը: ՄԱԿ ԱԽ-ն անդրադարձե՞լ է դրան: Սա է գլխավորը, որովհետև այդ խնդրի բացակայության պայմաններում Ադրբեջանը իր կրած ռազմական և մարդկային կորուստներից հետո կանգ էր առել թերևս վաղուց, ուղղակի փնտրել էր հրադադար: Այստեղ է առանցքային հարցը, որի պատասխանը ՄԱԿ ԱԽ-ն կարծես թե չունի:

Ընդհանրապես ո՞վ ունի այդ հարցի պատասխանը ժամանակակից աշխարհում, որի հետ Թուրքիան խոսում է շանտաժի լեզվով գործնականում բոլոր ուղղություններում: