ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

133

Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:   

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա:

Պատասխանելով ճշտող հարցին՝ ռուսական կողմն արդյոք ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Իհարկե»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: