Իրանն աջակցում է Ռուսաստանի` ԼՂ հարցով նախաձեռնությանը. ՌԴ-ում Իրանի դեսպան

126

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ:

«Կամ այլ մոդելներ, ընդունենք՝ որոշակի համաձայնեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի, Թուրքիայի համատեղում և այլ առաջարկներ»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ուսումնասիրման և քննարկման ենթակա են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում