«Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի»․ Frontpage

191

Ինչպես մյուս թատերաբեմերում, որտեղ «ծայրահեղականները» հարձակվում են չափավորներ մուսուլմանների կամ քրիստոնյաների վրա՝ Սիրիայից մինչև Լիբիա և Նիգերիա, Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի, գրում է Frontpage ամսագիրը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցությանը՝ հոդվածագիր Ռայմոնդ Իբրահիմը նշում է, որ այդ երկիրն իր դաշնակից Ադրբեջանին առաջարկել է իր լիակատար առակցությունը՝ ֆինանսավորելով, հովանավորելով և ահաբեկիչներին առաջնագիծ տեղափոխելով, այդպիսով տարածաշրջանում խորացնելով լարվածությունը։

«Իհարկե, Թուրքիայի հավակնություններին կասկածել պետք չէ։ Պատմության մեջ այրունարբու ջիհադականներին որակելով որպես առաքինության ընդօրինակման նմուշ, Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելով, իրենց ջիհադական աշխարհազորայինների օգնությամբ չափավոր մուսուլման կառավարություններն ապակայունացնելով ու քրիստոնյաներին ոչնչացմանելով՝ Օսմանյան կայսրության վերածննդի մասին Թուրքիայի կայսերապաշտական երազանքներն ավելի ու ավելի հաճախ են ի ցույց դրվում»,- գրում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝ թուրքական Yeni Safak թերթի գլխավոր խմբագրի՝ «Թուրքիան համաշխարհային տերություն է։ Այժմ Ադրբեջանի բարձրանալու ժամանակն է» վերտառությամբ հոդվածը, որում ասվում է, որ «Թուրքիան վերականգնում է այն, ինչն իրավամբ մեզ է պատկանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», ասվածի վառ ապացույցն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։