Ադրբեջանի ԶՈւ հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ անմիջական ապտակ է Ռուսաստանին. Սոլովյով

431

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն Ադրբեջանի Զինված ուժերի հարվածը Հայաստանի տարածքի ուղղությամբ անվանել է ուղիղ մարտահրավեր Ռուսաստանին:

«Ես իսկապես լավ չեմ հասկանում. ՀԱՊԿ-ը ի՞նչ է իրենից ներկայացնում: Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, արդյո՞ք մեր պաշտպանության ներքո է գտնվում, թե ոչ: Ադրբեջանի Զինված ուժերն ուղղակիորեն խոստովանում է Հայաստանի տարածքին հասցրած հարվածի մասին: Միևնույն ժամանակ այն անվանում է կանխարգելիչ: Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրախավորել մեր դաշնակցի տարածքը»,- ասել է Սոլովյովն իր Полный контакт յութուբյան հաղորդման շրջանակներում:

Վերջինս հիշատակել է Ադրբեջանում սիրիացի ահաբեկիչ-գրոհայինների զանգվածային տեղակայման մասին, որոնց «Ռուսաստանը ժամանակին վերացնում էր Սիրիայում»:

«Այժմ այդ գրոհայինները հայտնվել են ռուսական սահմանից 80 կմ այն կողմ: Եվ նրանց ներգրավել է կամ ինքը Ադրբեջանը, կամ դա արել է Թուրքիայի միջոցով: Եվ նրանք հանդգնել են հարված հասցնել մեր դաշնակցի տարածքի ուղղությամբ: Դա անմիջական մարտահրավեր է Ռուսաստանին, դա անմիջական ապտակ է Ռուսաստանին»,- ընդգծել է Սոլովյովը:

Լրագրողն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պատերազմը տեղափոխում է Հայաստանի տարածք, և դա անում է «անտեսելով ԱԳ նախարարների հետ բանակցությունները, անտեսելով պաշտպանության նախարարների հետ բանակցությունները, երկրների ղեկավարների հետ բանակցությունները»:

«Եվ ինչպե՞ս պետք է պատասխանի Ռուսաստանը մեր դաշնակցի ուղղությամբ հարվածի պարագայում»,- հարցադրում է անում լրագրողը:

Սոլովյովի ելույթն այս հարցի շուրջ կարող եք լսել 3:36:30 րոպեից:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։