Ղարաբաղի 20 հազարանոց զորքով կարելի էր ստեղծել աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, բայց փոխարենը մենք այստեղ հայ օլիգարխների պալատներն ենք տեսնում. Արամ Գաբրիելյանով

863

Ներկայացնում ենք News Media հրատարակչատան նախագահ Արամ Գաբրիելյանովի հետ մեր թղթակից Վահե Ավանեսյանի զրույցից մի հատված, որտեղ Գաբրիելյանովը խոսում է Արցախի բանակի հզորության և միաժամանակ խնդիրների, Արցախի անկախացման իրավական հիմքերի, Էրդողանի ու Թուրքիայի հեռուն գնացող ծրագրերի մասին:

Հարց. Ռուսաստանը, չգիտես ինչու, չի տեսնում, կամ ձևացնում է, թե չի տեսնում, տարբեր ապացույցներ է պահանջում, որ մենք ցույց տանք, որ այնտեղ F-16 և թուրք զինվորականներ կան:

  «Չէ, նախ ասենք, որ Ալիևը ինքը խոստովանեց, որ F-16-եր կան, նրանք չեն թռչում, բայց կան: Բայց ի՞նչ է ստացվում, դրանք գեղեցկության համա՞ր են, ինչ է, թե՞ գնում, համբուրում եք դրանց: Ի՞նչ եք անում դրանք, ինչո՞ւ են կանգնած, ի՞նչ նպատակի համար, թ՞ե աղոթք եք անում դրանց համար, ես չեմ հասկանում: Երկրորդը՝ Ռուսաստանը մեծ երկիր է, և ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան մենք ենք կարծում: Հասկանալի է, հայերն ուզում են, որ Ռուսաստանը իրենց կողքը կանգնի, բայց դա հեշտ չի լինում: Ռուսները արժանապատիվ, բարի մարդիկ են: Քիչ-քիչ հասարակական կարծիքը թեքվում է դեպի հայերի կողմը, քանի որ փաստերը ակնհայտ են ու անհերքելի, օրինակ՝ արաբական ահաբեկիչների առկայությունը: Կանցնի ինչ-որ ժամանակ, Ալիևը սա էլ կխոստովանի, ինչպես խոստովանեց F-16-երի մասին: Բայց, անկեղծ ասած, կարծում եմ, որ հուսալ, թե ինչ-որ մեկը կփրկի, ճիշտ քայլ չէ: Նախորդ պատերազմի ավարտից անցել է շուրջ 25 տարի: Տեսեք, Իսրայելը 30 տարում ստեղծեց աշխարհի հզորագույն բանակներից մեկը, իսկ մենք 25 տարում չկարողացանք Արցախում շատ բան անել, փոխարենը, երբ մենք այսօր շրջենք Երևանում և այլ քաղաքներում, կտեսնենք հայ օլիգարխների հսկայական պալատները: Դուք ինքներդ լավ գիտեք, ես ի՞նչ պատմեմ ձեզ: Երբ վերջերս Հայաստանում էի, հարցրի, թե ինչ պալատներ են սարի վրա, պատասխանեցին, թե օլիգարխներից մեկի տունն է: Բայց դրանք իրական պալատներ են: Դա նրանք կարողացան ստեղծել: Ինչպե՞ս այս աղքատ երկրում, այստեղ իրոք մարդիկ աղքատ են, նրանք կարողացան միլիարդներ աշխատել, ինչպե՞ս, ես դա չեմ հասկանում: Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք Ռուսաստանում են և մեծ փողեր են աշխատում, բայց ինչպես այս փոքր աղքատ երկրում կարելի է միլիարդներ աշխատել ու այդ միլիարդները չծախսել ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար: Հիմա, երբ ուսումնասիրում եմ այս իրողությունները,   հասկանում եմ, որ այդ հերոսական մարդկանցով, Ղարաբաղի 20 հազարանոց զորքով կարելի է ստեղծել աշխարհի ամենահզոր, գերժամանակակից բանակներից մեկը, որոնք ամենահայտնի բանակների  մրցակիցը կլինի: Բայց Հայաստանը կորցրել է այդ հնարավորությունը: Հարցն այն չէ, որ մենք չենք հաղթի այս պատերազմը, իհարկե կհաղթենք, դա հասկանալի է, և նրանք ոչինչ չեն կարողանա մեզ անել: Թուրքերը կարողացան 1.5 միլիոն հայ կոտորել մի քանի օրում, և մենք ավելի ուժեղ դարձանք: Ինչի՞ եք հասնելու հիմա, ոչ մի բանի: Ես կարծում եմ՝ Ալիևն էլ սա շատ լավ գիտի: Ամբողջ իմաստը նա է, որ ինքդ քո վրա հույս դնես: Ռուսական հայտնի խոսք կա՝ «հույսդ Աստծո վրա դիր, բայց ինքդ մի թերացիր»:  Հույսդ Պուտինի վրա դիր, բայց ինքդ մի թերացիր: Ես կարծում եմ՝ Պուտինը կգա օգնության, ինչպես  միշտ բոլոր ռուս ցարերն են եկել, բայց հույսներս մեզ վրա պետք է դնենք, և մենք կարող էինք դա անել այս 25 տարիների ընթացքում»:

Հարց.  Դուք տեսնո՞ւմ եք Թուրքիայի կողմից ձգտում, ամբողջությամբ մտնել ղարաբաղյան թեմայի մեջ և ստեղծել այստեղ հերթական Սիրիա:

  «Ես իմ կարծիքը չեմ թաքցնի: Ըստ էության՝ օգտագործելով հայերին, Էրդողանը փորձում է ռուսների որովայնի տակ դուրս գալ: Էրդողանը խորամանկ օձ է: Ատամը, որը թույն է թողնում, դա Իլհամ Ալիևն է, նա վերցրել է Ալիևին և օգտագործում է  նրան թույլ տալով թունավոր խայթոցներ անել հայերի վրա:  Հասկանալի է, որ նպատակը Էրդողանի բոլորովին այլ է, նա իհարկե ատում է հայերին և պատրաստ է սպանել բոլորին: Նա ժամանակակից Հիտլերն է, նա  մոլագար է, և կարծում եմ՝ նա գլխի հետ խնդիրներ ունի, նա շիզոֆրենիկ շեղումներ ունի: Դա երևում է: Երեկ ես տեսանյութ էի նայում, երբ Էրդողանին մոտենում է մի փոքր աղջիկ, նա ասում է այդ աղջկան, որ քեզ դրոշով կծածկեն, եթե դու մահանաս, իսկ այդ աղջիկը ընդամենը 5 տարեկան էր: Նա ապուշ է, նա իրական ապուշ է: Ամբոխը այդ խոսքերից հետո դրոշակներ էր թափահարում, նա ապուշ է, շիզոֆրենիկ է: Բայց ամեն դեպքում դա չէ կարևորը, Էրդողանը ուզում է մոտենալ, հասնել Ռուսաստանին: Դուք հասկանո՞ւմ եք, որ Ղարաբաղի սահմանը Ռուսաստանից հեռու է ընդամենը 80 կիլոմետր: Ես 100 տոկոս համոզված եմ, որ եթե նույնիսկ Էրդողանը չգրոհի Ռուսաստանի վրա, որովհետև կվախենա, ապա հաստատ կփորձի ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի թուրքալեզու բնակչության շրջանում: Շատ քիչ մարդ է մտածում, որ, օրինակ՝ Յակուտիան էլ է թուրքալեզու, իսկ այնտեղ նավթի, գազի և ռուսական կապիտալի հսկայական պաշարներ կան, անծայրածիր տարածքներ, և Էրդողանը ուզում է հեռուն գնալ: Նա, հավանաբար, սուլթանի մասին սերիալն է նայել և հիմա ինքն է ուզում սուլթան դառնալ, բայց ատամները կկոտրեն: Չի ստացվի: Հաղթել հայերին չի կարելի, նրանց կարելի է սպանել, բայց հաղթել չի կարելի: Հաղթում են մարդուն, երբ կոտրում են նրա ոգու ուժը, երբ ստրկացնում են, բայց դա անհնար է: Իլհամն էլ է դա հասկանում: Նա ասում է, որ մենք ռազմական ճանապարհով խնդիրը կլուծենք, Ղարաբաղը կգրավենք, եթե հետո հայերը չփորձեն հետ գրավել: Հայերը չեն փորձի, ղարաբաղցիները իրենք ձեզ համար այնտեղ դժոխք կսարքեն գետնի վրա: Դա այնպիսի տեռորիստական պատերազմ կլինի, որ ադրբեջանցիները կխելագարվեն, Ադրբեջանին ոչ մի հանգիստ օր չեն տա: Ես ղարաբաղցիներին գիտեմ: Ենթադրենք նրանց ճնշեցիք, բայց այնտեղ սարեր կան, անտառներ կան, չեք կարողանա: Այնտեղ կկենտրոնանան հազարավոր մարդիկ և կսկսեն վրեժ լուծել, դա կլինի քինգքոնգների բանակ, որը վրեժ կլուծի իրենց սպանված որդիների և ծնողների համար: Այ դա նրանք չեն հասկանում: Եթե, օրինակ, հայերը մտնեն Բաքու ու սկսեն մարդկանց կոտորել, դա չի կարելի, չէ՞: Այնտեղ մարդիկ են ապրում, հետո իրենք կսկսեն վրեժ լուծել: Բա ինչո՞ւ եք դուք կարծում, որ հայերի հետ այդպես կարող եք վարվել: Մի բան էլ ասեմ՝ այդ մասին քչերն են խոսում: Ալիևը նաև ցեղական, խոր բարոյահոգեբանական վերք ունի: Ղարաբաղի հայերը կոտրել են նրա հորը: Դա բոլորը գիտեն, հայերը ստիպել են նրան պայմանագիր ստորագրել, որով նա ընդունեց, որ Ադրբեջանը 7 տարածք է կորցրել: Սա ցեղական տրավմա է: Նա այդ ժամանակ երիտասարդ էր և հասկանում էր, որ ինչ-որ ղարաբաղցի հայեր կոտրել են իր հորը: Նա ամբողջ կյանքը ապրել է, որ վրեժ լուծի: Բայց հայերը չէին եկել ձեզ կոտորելու: Դուք բաժանվեցիք Խորհրդային միությունից, եթե ձեզ կարելի է բաժանվել Խորհրդային միությունից, ապա ինչո՞ւ մեզ չի կարելի բաժանվել ձեզանից: Բացատրեք մեզ տրամաբանությունը: Մենք երբեք չենք ապրել Ադրբեջանում, մենք ապրել ենք Խորհրդային միությունում: Դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում: Հիմա չկա Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութուն, ամեն ինչ առանձնացել է: Դուք դարձել եք անկախ, լավ է, հասկանալի է, բայց մենք էլ ենք ձեր նման անկախ: Խնդիրը ո՞րն է: Թողեք մենք հանգիստ ապրենք, մենք ոչնչի չենք հավակնում: Եղեք մեր հարևանը, մենք լավ հարևան կլինենք, դուք լավ հարևան եղեք: Բայց չէ, համաձայն չեղան, «Օղակ» օպերացիա ձեռնարկեցին, հայերը ոտքի կանգնեցին, Իլհամ Ալիևի հորը կոտրեցին, նա ամբիոնից հայտարարեց, որ ընդունում է դա, ստորագրում է և վերջ:  Հիմա, 30 տարի անց, նա որոշել է վրեժ լուծել, բայց չի ստացվի: Ես վստահեցնում եմ՝ ոչինչ չի ստացվի նրանց մոտ: Ժողովրդի ոգուն  հաղթել անհնար է, նրանք ստրուկներ չեն: Հիտլերը չկարողացավ հաղթել ռուսներին, հրեաներին… վերջում նրանք կոտրեցին Հիտլերին: Ինքը, ի՞նչ, ուզում է հայերին հաղթե՞լ՝ չի ստացվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։