Միակ պետությունը, որը փորձեց կանգնեցնել պատերազմը, ՌԴ-ն է. Ադրբեջանը նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ պահի հաշվի չառնել թուրքական դիրքորոշումը և գնալ Մոսկվա. Գարիկ Քեռյան

188

Ադրբեջանը չի կարողացել կատարել իր հիմնական պլանը՝ կայծակնային պատերազմ, մի քանի օրում մուտք Ստեփանակերտ և Արցախի Հանրապետության փլուզում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ նշելով, թե հակառակորդը նախատեսել էր նաև, թե Արցախի բնակչությունը զանգվածաբար կփախչի, զինված ուժերը կբարոյալքվեն:

«Այդ կայծակնային պատերազմը չիրականացվեց, նրանք Ստեփանակերտում չեն և փորձում են ինչ-որ ձևով իրավիճակից դուրս գալ: Եթե Ադրբեջանի նախագահը հիմա գնա բանակցությունների, ամբողջովին կվարկաբեկվի: Հարց է՝ արդյո՞ք բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքը նախկինի նման կլինի կամակոր, պահանջկոտ, ռազմական հռետորաբանությամբ հանդես եկող»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահի ուղերձով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հոկտեմբերի 10-ին կնքված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը՝ Քեռյանը նշեց, թե ՌԴ-ի դերը գնահատում է խիստ դրական, որովհետև ներկա պահին հասցեական հայտարարություն արել է միայն Ֆրանսիայի նախագահը, մյուս եվրոպական երկրներից կցկտուր, անհասցե հայտարարություններ են եղել, և այս ֆոնին միակ պետությունը, որը փորձեց կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանն է:

«Քիչ դիվանագիտական ջանքեր և ճնշումներ չի բանեցրել Կրեմլը, որ համոզի ադրբեջանական կողմին գնալ Մոսկվա և կնքել հումանիտար հրադադարի մասին հայտարարությունը: Այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղվածության և որոշումների վրա էական ազդեցություն է ունենում Թուրքիան: Այսինքն՝ Ադրբեջանը նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ պահի հաշվի չառնել թուրքական դիրքորոշումը և գնալ Մոսկվա: Եթե կա սուբյեկտ, որ Ադրբեջանի վրա կարող է ճնշում գործադրել, ՌԴ-ն է: Իրանը նույնպես կարող է լինել Ադրբեջանի վրա ճնշում գործադրող դերակատար: Իրանը մեր բարեկամն է, նրան ձեռնտու չէ ռազմական գործողությունների ծավալը»,-ասաց քաղաքագետը:

Հարցին՝ ինչո՞ւ չի պահպանվում հումանիտար հրադադարը, Քեռյանը պատասխանեց, թե դա կապված է Ադրբեջանի թե՛ քաղաքական իմիջի, թե՛ ներքաղաքական գործընթացների, թե՛ այն ստվերային պայմանավորվածությունների հետ, որոնցում «խրվել» է:

«Առաջին հերթին Ալիևը վախենում է, որ պատերազմը ժամանակից շուտ դադարեցնելով և էական արդյունքի չհասնելով՝ իր իշխանությունը լրիվ կհեղինակազրկվի, և բացառված չեն հակաիշխանական գործընթացները, որոնք տեսանք, օրինակ, Տավուշյան դեպքերից հետո, երբ քիչ էր մնում՝ Ադրբեջանում սկսվեր գունավոր հեղափոխություն: Երկրորդ՝ հավանաբար Ալիևը շատ խորն է գնացել և իր ծրագրի ձեռքը պատանդ է ընկել: Խոսքը Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մասին է, և այսօր արդեն չի կարող ինքնուրույն դադարեցնել պատերազմը: Հավանաբար, նրա տերերը կամ քաջալերողները դեռևս թույլ չեն տալիս»,-ասաց քաղաքագետը:

Մյուս հանգամանքը, ըստ Քեռյանի, այն է, որ Ալիևը գնացել է լայնամասշտաբ պատերազմի՝ ներդնելով մարդկային, ռազմական և տնտեսական ողջ պոտենցիալը, և իր ժողովրդին խոսք է տվել վերականգնել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և ուզում է արդյունքի հասնել: «Հրադադարի պահպանումը, այնուհետև՝ բանակցային գործընթացի վերսկսումը կնշանակի այդ ամենի փլուզում: Այս պատճառներով գոնե մինչև իրական զինադադարի հաստատումը փորձում է ինչ-որ առաջընթաց գրանցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հնարավոր դրական ու բացասական հետևանքներին, քաղաքագետն ասաց, թե այժմ միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ:

«Եթե պատերազմը շարունակվելու է, և մենք չենք կարողանում դադարեցնել, և հակամարտության ելքը ռազմական է, ապա պետք է անպայման ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը: Եթե բանակցային գործընթացի հույս չկա, հապաղելը ո՞րն է: Բայց և՛ հրադադարի մասին հայտարարության ժամանակ, և՛ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո եղած հայտարարություններում նորից ֆիքսվեց, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն գնում են բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով. եթե հիմա ճանաչենք Արցախի անկախությունը, կնշանակի բանակցային գործընթացի ավարտ»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։