Թուրքիան որոշել է կրկին հետազոտական նավ ուղարկել Միջերկրական ծովի՝ Հունաստանի հետ վիճելի տարածք. Աթենքն արձագանքել է

187

Թուրքիան հայտարարել է, որ կրկին պատրաստվում է հետազոտական նավ ուղարկել Միջերկրական ծովի`Հունաստանին հարակից էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան հատվածներ, գրում է english.alarabiya.net կայքը:

Թուրքական նավատորմը Navtex-ին ուղարկած նոր ծանուցագրով տեղեկացրել է, որ Oruc Reis նավը տարածաշրջանում, այդ թվում՝ հունական Կաստելորիզո կղզում հետազոտական աշխատանքներ է իրականացնելու երկուշաբթվանից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելի ուշ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այս գործողությունները ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:

Նշվում է, որ Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիան պարտավորվել էր տարածաշրջանում հետազոտական աշխատանքների իրականացման շուրջ բանակցությունների ամսաթիվ ասել, սակայն նրա այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիային վստահել պետք չէ, և որ այն իրականում երկխոսություն չի ցանկանում:

«Կոչ ենք անում Թուրքիային հիշել իր որոշումը»,- հայտարարել է պաշտոնական Աթենքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: