Անվնաս թվացող ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել շատ վտանգավոր խանգարումներով

49

Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ հուշում է այդ մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միշտ են ժամանակին նկատում այդ ախտանշանները։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ երբեմն բավական վտանգավոր խանգարումների մասին հուշող ախտանշաններն առաջին հայացքից անվնաս են թվում կամ վերագրվում են այլ՝ քիչ վտանգավոր խնդիրներին։ Մարդիկ շատ հաճախ են անտեսում օրգանիզմի տված այդ հուշումները, ինչը հանգեցնում է խնդրի հետագա զարգացման և լուրջ բարդությունների առաջացման։

Մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք որպես կանոն համարվում են անկարևոր խնդիր, մինչդեռ իրականում պայմանավորված են լինում բավական վտանգավոր խանգարումներով։

Աչքի մեջ օտար մարմնի առկայության զգացողություն

Եթե այս ախտանշանը պահպանվում կամ պարբերաբար ի հայտ է գալիս մի քանի օր շարունակ, ապա այն կարող է լինել մկանային հյուսվածքների դեգեներացիայի ախտանշան, որը հանգեցնում է տեսողության կորստի։ Եթե այդ ախտանշանն ուղեկցվում է ուղիղ գծերի աղավաղմամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել ակնաբույժին։

Ստամոքսի այրոց

Շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ առաջացող ստամոքսի այրոցը կարող է լինել բավական վտանգավոր հիվանդությունների մասին վկայող մարկեր։ Այն կարող է անգամ նախազգուշացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Քնկոտություն ցերեկվա ժամերին

Ցերեկվա ժամերին քնելու ցանկությունը ևս կարող է անվնաս թվալ, մինչդեռ իրականում այն շատ վտանգավոր է։ Կենտրոնացման հետ կապված խնդիրներով ուղեկցվող քնկոտությունը կարող է պայմանավորված լինել քնի օբստրուկտիվ ապնոէով, որի դեպքում մարդու մոտ քնած ժամանակ շնչառության դադարներ են տեղի ունենում։ Նման խանգարումը շատ վտանգավոր է գլխուղեղի համար, քանի որ այս դեպքում օրգանը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին։ Ապնոէն բարձրացնում է գլխուղեղի կաթվածի և անոթների այլ ախտաբանությունների զարգացման հավանականությունը, ուստի նման դեպքերում հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել։

Ձեռքի կամ ոտքի թմրածություն և ծակծկոց

Վերջույթներում ծակծկոցի զգացողությունը կարող է լինել այնպիսի լուրջ խնդիրների ախտանշան, ինչպիսին են  նյարդերի վնասվածքները, գլխուղեղի կաթվածը կամ շաքարային դիաբետը։ Եթե այն ի հայտ է գալիս շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ, ապա հարկավոր է դիմել մասնագետին հնարավորինս շուտ։

Ոտքի մկանի գերձգվածության զգացողություն

Նման ձգվածության ու լարվածության զգացողությունը շատ հաճախ վերագրվում է սխալ շարժման հետևանքով ստացված վնասվածքին, մինչդեռ այն կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր խանգարումով՝ խորանիստ երակների թրոմբոզով։ Այս վտանգավոր հիվանդությունը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի կամ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի հավանականությունը, ուստի այն չի կարելի անտեսել։ Ընդ որում՝ դրա զարգացման պատճառներից մեկն է համարվում քաղցկեղը։ Եթե մկանի լարվածության զգացողությունն ի հայտ է գալիս երկար ժամանակ նստելուց կամ երկարատև թռիչքից հետո, ապա այն ամենայն հավանականությամբ պայմանավորված է թրոմբոզով։

Փորափքանք

Երկար ժամանակ անհանգստացնող փորափքանքը, որն ուղեկցվում է սննդի չարաշահման զգացողությամբ անգամ շատ քիչ սնվելու դեպքում, նույնպես չի կարելի անուշադրության մատնել։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել օնկոլոգիական հիվանդությամբ։ Օրինակ՝ նման ախտանշանով կարող են դրսևորվել ձվարանի քաղցկեղը կամ մարսողաման տրակտի օրգանների քաղցկեղը։