Մասնագետը ներկայացրել է՝ որոնք են սրտամկանի համար ամենավնասակար սննդամթերի տեսակները

110

Սրտամկանը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի աշխատանքի վատթարացումը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում անգամ հանգեցնել մահվան։ Այս կենսական նշանակություն ունեցող օրգանի առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն շատ հաճախ մարդիկ չեն նկատում, որ անգիտակցաբար լուրջ վնաս են հասցնում սրտամկանին՝ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վատթարացնելով օրգանի աշխատանքը։

Սրտանոթային համակարգի վրա կործանարար ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն վատ սովորություններն ու անառողջ կենսակերպը, այլև առաջին հայացքից բավական բալանսավորված թվացող սննդակարգը, քանի որ ոչ բոլորն են ամենօրյա սննդակարգում օգտագործում բացառապես առողջարար մթերք։ Բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչի խոսքով՝ սրտամկանի համար առավել վնասակար են համարվում սննդամթերքի այն տեսակները, որոնք ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, իսկ նման մթերքը մարդկության զգալի մասի հիմնական սննդակարգի մասն է կազմում։

Մասնագետը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք զգալիորեն վատթարացնում են սրտանոթային համակարգի աշխատանքը։ Ինչպես գրում է MedikForum.ru պորտալը, սրտամկանի համար առավել վնասակար սննդամթերքի ցանկը գլխավորում է շաքարը, որը մեծ քանակությամբ պարունակվում է հացաբուլկեղենի և սննդամթերքի մի շարք այլ տեսակների մեջ։ Բացի այդ, այս ցանկում են հայտնվել նաև սննդամթերքի այն տեսակները, որոնք ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս և բավական լուրջ ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։

«Արագ ածխաջրերը՝ սպիտակ հացը, սպիտակ բրինձը, քաղցրավենիքն ու թխուկները, պետք չեն օրգանիզմին, մենք կարող ենք ապրել նաև առանց դրանց։ Սննդակարգում մեծ քանակությամբ գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքի առկայությունը նպաստում է շաքարային դիաբետի և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների զարգացմանը», — նշում է մասնագետը։

Սրտամկանի և անոթների համար վնասակար է համարվում նաև աղը, սակայն այս մթերքը չի կարելի ամբողջությամբ բացառել սննդակարգից, քանի որ դրա պակասը նույնպես կարող է շատ վնասակար լինել։ Աննա Կորենևիչի խոսքով՝ աղի օրական թույլատրելի չափաբաժինը վեց գրամն է, որը համապատասխանում է մոտ մեկ ոչ շատ լիքը թեյի գդալին։

Բացի այդ, սրտաբանի ներկայացրած ցանկում են հայտնվել նաև ալկոհոլը, տրանսճարպերն ու արմավենու յուղը։ Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային ըմպելիքներից թույլատրվում է միայն շաբաթական 3-4 անգամ կարմիր չոր գինի օգտագործել, սակայն հարկ է հիշել, որ մեկանգամյա ընդունման չափաբաժինը չպետք է գերազանցի երկու բաժինը։ Ինչ վերաբերում է արագ սննդի, երշիկեղենի և կիսաֆաբրիկատների մեջ պարունակվող տրանսճարպերին և հաճախ կաթնամթերքին ավելացվող արմավենու յուղին, ապա նման վնասակար բաղադրիչներից հարկավոր է առհասարակ հրաժարվել կամ հնարավորինս սահմանափակել՝ նվազագույնի հասցնելով դրանցով հարուստ մթերքի գործածությունը։