Մասնագետը նշել է այն դեղամիջոցները, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար

57

Հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել է այն տարածված դեղամիջոցները, որոնք կարող են շատ վնասակար լինել առողջության համար։ Մասնագետի խոսքով`որոշակի դեղամիջոցների համադրությունը կարող է բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի վրա:

Ինչպես նշում է Մյասնիկովը, սխալ դեղորայքի ընդունումը կարող է հանգեցնել առիթմիայի զարգացման։  Սրտամկանի ռիթմը խանգարող  դեղորայքի շարքին են դասվում զարկերակային գերճնշման բուժման համար կիրառվող դեղերը, որոնց բաղադրության մեջ պարունակվում են բուսական ծագում ունեցող նյութեր։ Բացի այդ, ինքնազգացողության վրա բացասաբար է անդրադառնում նաև միզամուղ դեղերի ու հակաբիոտիկների համադրությունը։

Պարբերաբար ստամոքսի այրոցի դեմ դեղամիջոցներ օգտագործելու դեպքում ևս հարկավոր է ավելի ուշադիր լինել սրտամկանի առողջության նկատմամբ։ Ավելին` անգամ անվնաս թվացող կաթիլները, որոնք նախատեսված են քթի համար, կարող են դառնալ տախիկարդիայի (հաճախասրտություն) և անգամ հիպերտոնիկ կրիզի պատճառ, քանի որ առաջացնում են կախվածություն, նախազգուշացնում է մասնագետը։ Նրա խոսքով` առիթմիան կարող է զարգանալ նաև վահանագեղձի հորմոնների բալանսի և օրգանիզմի էլեկտրոլիտային բալանսի խանգարման դեպքում։

Ինչպես նշում է Մյասնիկովը, վտանգավոր կարող են լինել անգամ կենսաբանական ակտիվ հավելումները, քանի որ որոշակի պայմաններում դրանք նույնպես կարող են բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի վրա։ Հատկապես լուրջ ուշադրություն է հարկավոր դարձնել դեղորայքի արտադրման վայրին։ Եթե այն բերված է արտերկրից և ցուցումների թերթիկը հնարավոր չէ ինչպես հարկն է ուսումնասիրել օտարալեզու լինելու պատճառով, ապա հարկավոր է հրաժարվել նման դեղամիջոցից։