Տարածված ցավազրկող դեղամիջոցներ, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար

84

Ցավը մեղմելու համար մարդիկ որպես կանոն ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ։ Դեղորայքի այս տեսակն ամենատարածվածներից է, սակայն քչերին է հայտնի, որ կան այնպիսի ցավազրկողներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել և առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է նման վտանգավոր ցավազրկող դեղամիջոցները։

Ցավազրկողների գործածութան դեպքում շատերը նախապատվությունը տալիս են այն դեղորայքին, որոնք տարածված են և թույլատրվում է օգտագործել տան պայմաններում, սակայն դրանցից շատերն այնքան անվտանգ չեն, որքան ենթադրվում է։

«Օրինակ՝ «հին ու բարի» անալգինն օգնում է, սակայն շատ կոպիտ դեղամիջոց է, որը բացասաբար է անդրադառնում երիկամների վրա և ունի ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների բոլոր բացասակար հատկությունները։ Դրանք ձեզ հայտնի են իբուպրոֆեն, դիկլոֆենակ և այլ անվանումներով», — բացատրում է Մյասնիկովը։

Մասնագետի խոսքով՝ այս դեղամիջոցները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը և բացասաբար են անդրադառնում ստամոքսի լորձաթաղանթի վրա՝ գրգռելով այն ու առաջացնելով ցավեր։ Բացի այդ, այս դեղերը կարող են վտանգավոր լինել սրտամկանի համար, հատկապես, եթե դրանք օգտագործում են 60 տարեկանից բարձր մարդիկ։

Բժիշկը նշում է, որ ոչ շատ թանկարժեք դեղամիջոցներով ցավը մեղմելու լավագույն տարբերակը պարացետամոլի գործածությունն է, որը համեմատաբար ավելի անվնաս է։ Բացի այդ, մասնագետը հորդորում է ցավազրկողներից բացի ուշադիր լինել նաև լուծողական ազդեցությամբ օժտված դեղորայք ընդունելիս, քանի որ դրանց չարաշահումը հանգեցնում է «ալարկոտ» աղիների համախտանիշի զարգացման։