Դդմիկով դիետա. ավելորդ քաշից ազատվելու օգտակար ու արդյունավետ միջոց

63

Ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու համար սննդաբանները մշակել են բազմաթիվ սննդակարգեր, սակայն դրանցից ոչ բոլորն են անվնաս ու բավականաչափ արդյունավետ: Բացի այդ, հաճախ դիետաների միջոցով կորցրած քաշը շատ արագ վերականգնվում է և անգամ ավելանում, ուստի հարկավոր է հետևել այնպիսի սննդակարգին, որը ոչ միայն կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը, այլև չի վնասի առողջությանը, իսկ կորցրած կիլոգրամները որոշ ժամանակ անց չեն վերականգնվի:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի սննդակարգ, որի հիմնական բաղադրիչը դդմիկն է, և որը նախատեսված է ընդամենը 10 օրվա համար: Այս դիետան, սակայն, անչափ արդյունավետ է, չի առաջացնում կողմնակի բարդություններ, իսկ բոլոր կանոններին հետևելու դեպքում օգնում է ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից:

 

Այս դիետային հետևելու ընթացքում մարդը չի տանջվում քաղցի զգացումից, քանի որ սննդակարգը բավականին բազմազան է և հագենացնող: Սակայն հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է խստորեն հետևել բոլոր կանոններին: Բացի այդ, հիանալի օգնական կարող է լինել նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի երբեմն կարելի է զբոսնել կամ կատարել ոչ շատ բարդ վարժություններ:

 

Ձեզ ենք ներկայացնում նախաճաշի, լանչի, ճաշի, հետճաշիկի և ընթրիքի մի քանի տարբերակ, որոնցից կարելի է ընտրել ցանկալին: Սա կօգնի բազմազան դարձնել 10-օրյա դիետայի սննդակարգն ու չհոգնել միանման ուտեստներից:

 

Նախաճաշի տարբերակներ.

 

1.      Շոգեխաշած դդմիկ և այլ բանջարեղեն (ցանկալի է բացառել կարտոֆիլը),

 

2.      Խնձորով ու կաղամբով աղցան,

 

3.      Մրգային աղցան անյուղ յոգուրտով կամ կեֆիրով (ցանկալի է բացառել բանանը),

 

Լանչի տարբերակներ.

 

1.      Խնձոր,

 

2.      Մեկ հատ խոշոր նարինջ կամ մի քանի մանդարին,

 

3.      Շոգեխաշած դդմիկ ու դդում և ½ թուրինջ:

 

Ճաշի տարբերակներ.

 

1.      Ջեռոցում պատրաստված թռչնամիս, շոգեխաշած դդմիկ և 1 հատ կիվի (կամ 2 հատ սալոր),

 

2.      Շոգեխաշած դդմիկ անյուղ ձկան մսով և որևէ միրգ (ցանկալի է բացառել բանանը),

 

Հետճաշիկի տարբերակներ.

 

1.      Մի քանի գդալ դդմիկի խավիար կամ բանջարեղենային ռագու (դդմիկով),

 

2.      100 գրամ սալորի չիր կամ մի քանի թարմ սալոր (կարելի է խմել նաև մի բաժակ թարմ քամած խնձորի հյութ),

 

3.      Մեկ հատ խնձոր և մի բուռ չամիչ:

 

Ընթրիքի տարբերակներ.

 

1.      Ջեռոցում պատրաստված դդմիկ և գազարով ու կաղամբով աղցան,

 

2.      Շոգեխաշած դդմիկ և այլ բանջարեղեն (ցանկալի է բացառել կարտոֆիլը),

 

3.      Շոգեխաշած դդմիկ և սնկեր:

 

Ընթրիքից հետո կարելի է խմել մի բաժակ խնձորի, նարնջի կամ որևէ բանջարեղենային հյութ, սակայն այն պետք է լինի թարմ քամված:

 

Հակացուցումներ.

 

Այս դիետան ոչ միայն շատ արդյունավետ է, այլև անչափ օգտակար, սակայն ոչ բոլորին է թույլատրվում հետևել դրան: Հարկ է հիշել, որ դդմիկով  սննդակարգը հակացուցված է երիկամների ու արտազատական համակարգի քրոնիկ հիվանդությունների դեպքում:

 

Բացի այդ, այն հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին, ինչպես նաև այն անձանց, որոնք ունեն թույլ իմունային համակարգ կամ վերջերս են ապաքինվել ծանր հիվանդությունից կամ վիրահատական միջամտությունից: