Մաշկաբանը նշել է՝ ինչ է հարկավոր անել միջատների խայթոցի դեպքում և ինչ չի կարելի անել

131

Տարվա այս եղանակին միջատները շատ ակտիվ են լինում, ինչի հետևանքով դրանց խայթոցները ևս շատ տարածված խնդիր են դառնում։ Միջատների խայթոցը որպես կանոն առաջացնում է շատ տհաճ զգացողություններ՝ դառնալով սաստիկ քորի, այտուցի և անգամ ցավի պատճառ։ Նման տհաճ զգացողությունները մեղմելու համար մարդիկ սովորաբար կիրառում են ինչպես հատուկ դեղամիջոցներ, այնպես էլ բնական միջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ ու բավական անվնաս լինում։ Բժիշկ-մաշկաբան Լյուդմիլա Սմիրնովան ներկայացրել է այն միջոցները, որոնք հարկավոր է կիրառել միջատների խայթոցի դեպքում, ինչպես նաև այն միջոցները, որոնցից հարկավոր է խուսափել։

«Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում մաշկաբանը նշել է առաջին օգնության հիմնական միջոցները միջատների խայթոցի դեպքում՝ միաժամանակ ներկայացնելով նաև այն մեթոդները որոնց կիրառումը կարող է վտանգավոր լինել։ Սմիրնովայի խոսքով՝ առաջին օգնության լավագույն միջոցնը հակահիստամինային դեղերն են, ուստի մինչ այլ միջոցներ ձեռնարկելը հարկավոր է նախ ընդունել որևէ հակահիստամինային դեղամիջոց, որից հետո միայն մշակել վնասված մաշկը։

«Վերքին հարկավոր է «ադամանդե կանաչ» քսել, որը մի փոքր կչորացնի այն ու կմեղմի քորը։ Այնուհետև կարելի է վնասված հատվածին քսել որևէ կորտիկոստերոիդային քսուք, իսկ շուրջը մաշկը մշակել 70 տոկոսանոց սպիրտով», — նշում է մասնագետը։

Սմիրնովայի խոսքով՝ նման դեպքերում խորհուրդ չի տրվում սպիրտային կոմպրես դնել, քանի որ այս դեպքում մեծ է քիմիական այրվածքի և վարակի ներթափանցման հավանականությունը։ Բացի այդ, չի կարելի նաև վնասված մաշկը մշակել յոդով, քանի որ այդ դեպքում բարձր է ալերգիկ ռեակցիաների կամ այրվածքների հավանականությունը։

Շատերը քորը մեղմելու համար կիրառում են բնական միջոցներ՝ համարելով դրանք ավելի անվնաս ու արդյունավետ, սակայն այդ դեպքում ևս կան մի շարք միջոցներ, որոնք կարող են անարդյունավետ կամ անգամ վտանգավոր լինել։ Օրինակ՝ խորհուրդ չի տրվում խայթոցի դեպքում վնասված մաշկին կարտոֆիլի կտոր դնել, քանի որ այն բացարձակապես անարդյունավետ է: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի մաշկին սխտոր քսել, քանի որ այն միայն էլ ավելի է գրգռում մաշկը։

«Խայթոցի հատվածին կարելի է սառույց դնել, սակայն կարճ ժամանակով», — նշում է Սմիրնովան՝ հավելելով, որ դեղատնային միջոցների բացակայության դեպքում կարելի է մաշկին կերակրի սոդայի ջրային լուծույթ քսել կամ դրանով կոմպրես դնել։

Մասնագետը նախազգուշացնում է, որ խայթոցից հետո հարկավոր է հետևել օրգանիզմի ռեակցիաներին և ոչ մի դեպքում չքորել մաշկը։ «Քորելու դեպքում կարող է երկրորդային վարակ անցնել։ Մոծակներն ու մժեղները Լայմի հիվանդության (տզային բորելիոզ) տարածողներ են, իսկ դրա գաղտնի շրջանը տևում է խայթելուց հետո 2-30 օր», — նշում է մաշկաբանը։