Եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը Մոսկվայի ու Բաքվի կողմից

288

Այսօր Քարվաճառի շրջանը, ըստ եռակողմ համաձայնագրի, հանձնվել է Ադրբեջանին: Փակվել է Սոթք-Արցախ ճանապարհը, նույնիսկ դարպաս են դրել այդ ճանապարհին:

Այսպիսով, տեղի է ունեցել եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը, ըստ որի՝ պետք է տեղի ունենա հաղորդակցությունների ապաշրջափակում, որի համար պատասխանատու են այն ստորագրած երեք կողմերը, տվյալ դեպքում՝ հայկական ուժերի դուրսբերումից հետո, Բաքուն եւ Մոսկվան: Սակայն, այդ ճանապարհի անվտանգությունն ապահովելու փոխարեն նրանք փակել են այն:

ԲՀԿ պատգամավոր նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ գրել է, որ Հայրենիքի դարպասները փակվեցին: Նման բովանդակության գրառումներ են ցանցերում ու զլմ-ներում: ԲՀԿ խմբակցությունը պատրաստվո՞ւմ է որպես ՀՀ Ներկայացուցչական մարմնի երկրորդ ուժ դատապարտել այս կոպիտ խախտումը եւ դիմել Մոսկվային ու Բաքվին՝ ճանապարհն ապաշրջափակելու եւ ազատ ու անվտանգ հաղորդակցություն ապահովելու համար: Հայաստանի պետական մարմինները, այլ քաղաքական ուժերը, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվո՞ւմ են անել նույնը, ապոկալիպտիկ բնույթի գրառումներից ու հայտարարություններից ազատ ժամանակ: Թե՞ Հայրենիքի դարպասները բացելը ոչ մեկին չի հետաքրքրում: