«Սրիկայությունն այլ տեսք չունի». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

262

«Այսօր մեր հասարակության մեջ մեծ ցավ կա, սուգ կա, անհասկանալի իրավիճակ կա, և այն գնահատականը, որ հանրության շրջանում մեծ արձագանք չի ստանում իր հրաժարականի պահանջը, շատ կոպիտ կբնութագրեմ, բայց սրիկայությունն այլ կերպ չի կոչվում, սրիկայությունն այլ տեսք չունի»,- կառավարության շենքի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, թե ընդդիմության կոչերը հանրության շրջանում արձագանք չեն գտել:

Վանեցյանը նշեց, որ իշխանությունը պետք է օր առաջ քայլեր ձեռնարկի անհետ կորածների և գերեվարված զինվորների ճակատագրերը պարզելու և ետ վերադարձնելու ուղղությամբ:

«Դա ամենաառաջին հարցն է այս պահին: Շատ պարզ է, որ մարդիկ սգում են, մարդիկ ցավում են, չեն ուզում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսի, բայց ես բազմիցս նշել եմ՝ սա զուտ քաղաքական գործընթաց չէ, սա գործընթաց է հանուն հայրենիքի փրկության, մեր երկիրն այսօր չի կառավարվում…  Հանրային պահանջը ցանկացած հայի ընտանիքում է, չկա հայ, չի կարող լինել հայ, որը կների այս խայտառակ, այս երկիրը կործանման տարած, այսպես կոչված, վարչապետին: Նա պետք է գնա, նա քաղաքական դիակ է, նա պատմության մեջ ուղղակի խայտառակություն է լինելու»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետն ինքնակամ չի գնում, Վանեցյանը դիմեց հանրությանը.

«Նիկոլ Փաշինյանի այդ ցինիկ, սրիկայաբար հնչեցրած արտահայտությունը թող հիմք հանդիսանա, և դուրս եկեք 1 օր, 1 անգամ, եկեք կանգնեք մեր կողքը, որ նա տեսնի, որ իրականում չունի հանրային աջակցություն: Այն եռանդուն աշխատանքը, որ իրականացվում է սոցիալական հարթակներում՝ Ֆեյսբուքում, որով մեզ, երեխաներ կորցրած ծնողներին անվանում են դավաճաններ, պաշտոնի համար կռվողներ, այդ ուժը և եռանդը, եթե անգամ դրա 10 տոկոսը և ծախսվող գումարների 10 տոկոսը ներդնեին կորած և գերեվարված զինվորներին գտնելու համար, հավատացեք, այսօր կունենայինք արդյունք, 1 զինվորի կյանքն էլ մեզ համար կարևոր է»: