Ծառուկյանի մանդատն ու Փաշինյանի օծանելիքը՝ իրեղեն ապացույցներ

76

Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության իրականացրած քաղաքականությանը, քայլերին ու գործողություններին անհրաժեշտաբար տրվելու են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ, անխուսափելիորեն, քրեաիրավական գնահատականներ։ Առանց դրա, առանց կատարվածի համար պատասխանատվության, ոչ թե կոլեկտիվ, այլ հասցեական՝ անուն-ազգանուն ենթադրող հասցեական պատասխանատվության՝ Հայաստանը չի կարող դուրս գալ այս անդունդային իրավիճակից ու առավել ևս՝ մտածել զարգացման մասին։

Բայց Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, բացի քաղաքական ու քրեաիրավական գնահատականներից, կրկին անհրաժեշտաբար պետք է տրվեն նաև հոգեբուժական կամ քրեահոգեբուժական գնահատականներ։ Պետք է տրվեն համապատասխան մասնագետների կողմից՝ համապատասխան հետևանքներով։ Ընդ որում, այդ հարցում առաջին ու ամենամեծ շահառուները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության անդամները, քանի որ այդ գնահատականները ապագայում կարող են ծառայել՝ որպես մեղմացուցիչ հանգամանքներ քրեաիրավական գնահատականներով ենթադրվող պատժաչափերի մեղմացման համար։
Նեղ մասնագիտական գնահատականների հնչեցումը, իհարկե, մասնագետների գործն է։ Բայց այս իշխանության վարքագիծը թույլ է տալիս ձևավորել հաստատ կարծիք այն մասին, որ դրա կրողները առնվազն խնդիրներ ունեն համարժեքության՝ ադեկվատության հետ։ Այս իշխանությունն ունի իրականության գնահատման լրջագույն խնդիրներ, ինչի մասին են վկայում նրա գրեթե բոլոր գործողությունները։

Հոգեբուժության հարուստ պատմության արխիվներում ու վկայություններում անգամ հնարավոր չէ գտնել այն երևույթի բացատրությունը, երբ մարդը՝ երկրի ղեկավարը, սեփական ստորագրությամբ թշնամուն է հանձնում 9500 քառակուսի կիլոմետր տարածք, հանձնելուց առաջ արդեն զոհերի քանակը մոտենում է շուրջ 5000-ի, և ահա այդ մարդը, այդ նույն մարդը այդ ակտից ժամեր անց ի լուր աշխարհի հայտարարում է սեփական տնից կատարված սեփական օծանելիքի գողության մասին։ Ծանրագույն դեպք է, ըստ ամենայնի։

Այդ ֆենոմենը պարզելու համար գուցե հնարավոր է կամ հարկավոր է տասնյակ գիտական աշխատություններ գրել, հորինել ախտորոշման նոր եզրույթներ։ Բայց դա կլինի գիտական տիրույթի խնդիր։ Իսկ հանրային մակարդակում այդ խնդիրն արտահայտվում է նրանով, որ այն կրողը համարժեք չի ընկալում իրականությունը, երևույթները, գործընթացները, ամենայնը։ Անհամարժեքությունն արտահայտվում է այդ նույն իրականության, երևույթների, իրերի գնահատման խեղված արժեքային համակարգով, որի խտացված դրսևորումը, որքան էլ դաժան հնչի, «օծանելիքն ավելի թանկ է, քան հայրենիքը» գռեհկաբանությունն է։ Բայց եթե դա գռեհկաբանություն է իրականությունը համարժեք ընկալողների համար, ապա  կենսակերպ է իրականության համարժեք ընկալման խնդիրներ ունեցողների պարագային։ Կենսակերպ, որը դառնում է նրանց գործողությունների դրդապատճառն ու շարժիչ ուժը։ Նման խեղված արժեքային համակարգ ունեցողների դեպքում, բնականաբար, կա ամեն ինչից թանկ որևէ սուբստանտ։ Եվ ի՞նչն է դա, եթե հայրենիքը չէ, ինչպես մեզ ուսուցանել են գրերն ու ավանդությունները։ Իշխանությունը, ըստ ամենայնի և անփոխարելիորեն։

Կառավարական ամառանոցից՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատնից գողացված օծանելիքն իրականում իշխանության սիմվոլ է, որովհետև գողացվել է իշխանական ապարանքից։ Այսինքն՝ գողացվածը ամենաթանկի մի կտորն է, որը արժեքային խեղված գնահատման համակարգում վեր է արյամբ պաշտպանված, բայց թանաքով զիջված հայրենիքից։ Ծանրագույն դեպք է, ըստ ամենայնի։

Բայց Նիկոլ Փաշինյանը մենակ չէ իրականության գնահատման իր մոլորյալ ոլորաններում։ Այդպիսինն է նրա իշխանությունը՝  ընդհանուր առմամբ և անհատապես։ Ամեն օր լռությամբ թշնամուն հանձնվող բնակավայրեր, տասնյակ կամ հարյուրավոր կտտանքների ենթարկվող գերիներ, տասնյակ-հազարավոր գաղթականներ, գահավիժող տնտեսություն․․․ ահա այս ողբերգական համայնապատկերում Հայաստանի խորհրդարանը, խորհրդարանի իշխող խմբակցությունը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է հարուցում։ Խնդիրը Ծառուկյանի անպետք մանդատը չէ, որը կարող է ոչ ևս լինել ցանկացած օր, այլ կրկին անհամարժեքությունը, իրականության խեղված գնահատականը։

Ծառուկյանի մանդատը իշխանության հավաքական կերպարի համար գրեթե նույնն է, ինչ Նիկոլ Փաշինյանի օծանելիքը՝ անհատական մակարդակում։ Ծառուկյանը սպառնում է նրան, ինչն ամենաթանկն է իմքայլականների համար՝ իշխանությանը։ Իշխանության համար այդ սպառնալիքը հավասարազոր է Նիկոլ Փաշինյանի արքունական օծանելիքի բացակայությանը։
Այնպես որ, Ծառուկյանի մանդատն ու Փաշինյանի օծանելիքը ապագայում կարող են և պետք է ունենան կարևոր դերակատարում։ Որպես իրեղեն ապացույցներ։ Դատահոգեբուժական փորձաքննության նպատակով։  Փորձաքննություն, որը կպարզի՝ նրանք հանձնել են այն, ինչն ամենաթանկն էր բոլորի համար, և պահպանում են այն, ինչն ամենաթակն է իրենց համար։

Հարություն Ավետիսյան