Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել Ադրբեջան զորք ուղարկելու մասին որոշումը

172

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը։ Ըստ թուրքական կողմի՝ համատեղ կենտրոնի հստակ տեղը ևս Ադրբեջանն է որոշելու։ Նշվում է, որ թուրքական կողմից մեկնելու են Թուրքիայի ԶՈւ, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձնակազմ։

Ըստ որոշման՝ խորհրդարանից հայցվում է անձնակազմն Ադրբեջան ուղարկել 1 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությամբ նշվում էր, որ տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ, սակայն սկսած առաջին օրվանից ադրբեջանական ու թուրքական կողմերը հայտարարում են, որ Արցախի տարածքում տեղակայվելու են նաև թուրքական զորքեր։

Ռուսական կողմի տարբեր պաշտոնյաներ արդեն մի քանի անգամ հերքել են (12) այս հայտարարությունները՝ նշելով, որ որոշման համաձայն Արցախում տեղակայվելու են միայն ռուսական խաղաղապահ զորքեր, իսկ թուրքական կողմն իրադարձություններին կարող է հետևել Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնից։