Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ. Նիկոլ Փաշինյան

566

Ինձ համար որևէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, և ով կրում է պատասխանատվություն, մի շարք լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ: Բայց ժողովուրդը պետք է տիրապետի իրավիճակին, պետք է զրույց տեղի ունենա: Բոլորին լսելը շատ կարևոր է: Տեղի է ունեցել հետևյալը. 2018-ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր «Տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության մեջ» », — ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինայնի խոսքով՝ նախկին իշխանությունը լավ է իմացել՝ որ կետի վրա է մնացել բանակցային գործընթացը:

«Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը. Փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Ցավոք, այո, դա մեզ չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքներն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու մասով: Մենք չենք կարողացել փոխել այս տրամաբանությունը և գուցե մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել:

Ես փորձել եմ ՀՀ դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար», — ասաց Փաշինյանը:

Վերջում գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ իշխանությանը մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել և միաժամանակ մեղադրում են, որ զոհերից խուսափելու համար իշխանությունը գնացել է որոշակի քայլերի:

«Պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց բոլոր մանրամասները պետք է պարզաբանվեն հանրության համար», — նշեց Փաշինյանը: