Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը. Դավիթ Տոնոյան

819
Կառավարությունը, սփյուռքը, ամեն ինչ արել է, որ մենք հաջողության հասնենք, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ մեր մամուլի խոսնակը ներկայացրել է մի իրավիճակ, մինչ նա ներկայացնում էր, այնտեղ իրավիճակ է փոխվել։ Քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր։ Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն», — ասաց Դավիթ Տոնոյանը։
«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովության տեսանկյունից, արվել է անհնարինը։Մոբիլիզացիոն ռեսուրսն արել է առավելագույնը։ Մենք գործում էինք սպառազինության մակարդակի տոտալ շրջափակման մեջ», — ասաց նախարարը։
Հարցին՝ ինչո՞ւ հասարակությանը չէր ներկայացվում իրավիճակը, նախարարն արձագանքեց.
«Մենք շատ ճիշտ ներկայացրել ենք իրավիճակը, ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել։ Չեմ ընդունում այն տեղեկությունը, որ հասարակությանը մոլորության մեջ ենք գցել»։