Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

258

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման գործընթացում առանձնահատուկ դեր ունի:

«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: