ԼՂ-ում պատերազմի նախաձեռնողները Թուրքիան և բրիտանական հատուկ ծառայություններն են. ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը Մոսկվային կոչ է արել կանգնեցնել Անկարային Հրվ. Կովկասում

272

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, կարծիք է հայտնել առ այն, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ տարածաշրջանային մեծ խաղի գործիքներն են, և հետևաբար՝ Ռուսաստանը պետք է հստակ գիտակցի իր շահերն այդ տարածաշրջանում, որպեսզի չլինի պասիվ դիտորդ, գրում է EAdaily-ը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ իրավիճակը Հարավային Կովկասում վերջին օրերին զարգանում է ծայրահեղ անցանկալի ուղղությամբ. Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, և գիտակցում են արդյո՞ք Ռուսաստանում իրադարձությունների նման դասավորվածության հնարավոր հետևանքները, փորձագետը նշել է, որ երկու երկրներն էլ՝ Հայաստանը և Ադրբեջանը, ամենևին էլ մանրակրկիտ նախապատրաստված ավանտյուրայի հիմնական սուբյեկտնները չեն, ավելի շուտ՝ այդ ավանտյուրայի գործիքներն ու զոհերն են:

«Հակամարտության հիմնական նախաձեռնողները, իմ կարծիքով, Թուրքիան և բրիտանական հատուկ ծառայություններն են, իսկ ուղղված է այդ գործողությունն ընդդեմ Ռուսաստանի և մասամբ Իրանի: Ահա թե ինչու Ռուսաստանի գործողություններն այս տարածաշրջանում պետք է թելադրված լինեն նախևառաջ ՌԴ-ի ռազմավարական շահերով, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճը լուծելու ցանկությամբ»,- նշել է Լեպեխինը:

Նրա խոսքով՝ Անկարան, դատելով թուրք քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարություններից, իրեն այլ կերպ է պահում. նա փաստացի վեճ է հրահրում Ռուսաստանի հետ:

«Իրերը պետք է իրենց անուններով կոչել. փաստացի Թուրքիան պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ մեր համար ռազմավարական կարևոր տարածաշրջանում: Սկսել է Ադրբեջանի և արաբ ահաբեկիչների ձեռքով, իսկ Ռուսաստանում այդ փաստն իբրև թե չեն նկատում: Սակայն խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելուց այս անգամ չի ստացվի, սա այդ դեպքը չէ: Թուրքական լոլիկների արգելքը և սանիտարական միջոցներն այն մեթոդը չեն, որը կարող է սթափեցնել հանդուգն սադրիչին»,- կարծում է Լեպեխինը:

Նշված տարածաշրջանում Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանին՝ որպես իր ռազմավարական դաշնակից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը բախվել է ցեղասպանության սպառնալիքին: Սակայն ամենակարևորը՝ Ռուսաստանը պետք է պաշտպանի առաջին հերթին իր ազգային շահերը:

«Եթե ՌԴ-ն պաշտպանում է իր շահերը հեռավոր սահմաններին, օրինակ՝ Սիրիայում, ապա ինչո՞ւ մենք չպետք է պաշտպանենք մեր շահերը մոտ սահմաններին՝ հենց նույն Ղարաբաղում: Առավել ևս, որ այստեղ բացահայտ է ռազմական գործողություններում տեղի բնակչության դեմ ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը»,- նշում է մասնագետը:

ԼՂ իրավիճակի դեպքում ռուսական ղեկավարությունը չունի այլընտրանք, քան կանգնեցնել թուրքական աճող փառասիրությունը Հարավային Կովկասում գերակայության ուղղությամբ: Ռուսաստանին բոլորովին պետք չէ, որ օսմանական վարակը տեղափոխվի Վրաստան, Աբխազիա, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիայի երկրներ և Վոլգայի մարզ, եզրափակում է Լեպեխինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն