«Իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի դեմ». ռուս ռազմական փորձագետը մեկնաբանել է Հայաստանում դեսանտային գործողութան հավանականությունը

924

Այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի դրսևորում է նրա դեմ: Взгляд-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի հնարավոր դեսանտային գործողության մասին:

«Առաջին հերթին, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա: Այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ուժերը բավարար են, որպեսզի ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ելքի վրա: Երկրորդ հերթին, ինչ վերաբերում է Գյումրիի ռազմաբազայից դուրս ռուսական զորքերի և ավիացիայի գործողություններին, այստեղ ստիպված կլինենք հարցը լուծել վրաստանի տարածքով օդային միջանցը «ճեղքելու» եղանակով»,- ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանը և այն հանգամանքը, որ իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել հենց Ադրբեջանի դեմ, «խաղաղության պարտադրելու» առաջադրանքը հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ապաշրջափակման նպատակով»,- հավելել է փորձագետը պարբերականի հետ զրույցում:

Մասնագետի կարծիքով՝ այսօրվա դրությամբ հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության համար առնվազն երկու օրինական հիմնավորում կա: «Առաջինն այն է, որ Հայաստանը մեկուսացման մեջ է հայտնվել: Դա ինքնին ագրեսիայի դրսևորում է: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի տարածքի ուղղությամբ»,-շեշտել է Սիվկովը:

«Դա ագրեսիայի դրսևորում է, ինչով էլ պայմանավորված ուժի մեջ է մտնում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածը: Ամեն ինչից զատ, Հայաստանն ընդգրկված է Եվրասիական տնտեսական միության կազմում: Այդ երկրի շրջափակումն անմիջական վնաս է հասցնում Ռուսաստանին, քանի որ մենք այնտեղ լուրջ տնտեսական շահեր ունենք»,- պարզաբանել է փորձագետը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսել էր հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հավանականության մասին դեսանտային գործողությունների միջոցով և մի իրավիճակի զարգացման մի քանի հնարավոր տարբերակ էր նկարագրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։