Իշխանության և կյանքի համար մտավախությունների պատճառով Ալիևը մի քանի օր է՝ բնակվում է Թուրքիայում. Волна Каспия

217

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։

Թերթում նշվում է, որ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ ողջ երկրի տարածքով հակապատերազմական տրամադրությունների ուժեղացման պատճառով։ Այդ անհանգստությունների պատճառ են հանդիսացել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները։ Չնայած տարածաշրջանն արագ «ազատագրելու» խոստումներին՝ այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջափակման մեջ է գտնվում Զանգելանում, իսկ մյուս մասը նահանջում է դեպի արևելք։

«Ադրբեջանական ղեկավարությունը փորձել է երկրի բնակչությանը զերծ պահել ռազմական գործողությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններից՝ երկրի ամբողջ տարածքում արգելափակելով սոցկայքերն ու խոչընդոտելով լրագրողների աշխատանքին։ Ռազմաճակատից միայն այնպիսի տեղեկություններ են ստացվել, որոնք ձեռնտու են Ալիևին, սակայն դա երկար չի տևել․ Ղարաբաղից վիրավոր զինվորներ են երբեմն վերադարձել, հաճախ դասալիքներ, որոնք մանրամասն պատմել են և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության կողմից զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին։

Այս ամենի արդյունքում ողջ երկրի տարածքում հասունանում է լայնածավալ բողոք, ինչը, ամենայն հավանականությամբ, սկիզբ կառնի նախ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների բնակավայրերում, սակայն անկասկած կհասնի նաև Բաքու։ Բացի դրանից՝ Ալիևի պատերազմն ու քաղաքականությունը դժգոհություն է հասունանում նաև Ադրբեջանի քաղաքական էլիտայի շրջանում։ Կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար՝ Ալիևը չի ցանկանում «բախտը փորձել»՝ մնալով Բաքվում։ Նա որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղ ունի բավականաչափ անշարժ գույք և որտեղից էլ ուղերձներ է գրում  ադրբեջանցի զինվորներին և ժողովրդին քաջալերելու համար։

Այդ պատճառով յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ այժմ ոչ մի նախագահ իր թիկունքում չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։

Ալիևը նույնիսկ չի թաքնվում իր «ասքյարների» ետևում. նա նույնիսկ հակամարտության գոտու մոտակայքում չէ: Զարմանալի չէ, որ նա չի մտածում ադրբեջանական բանակի հսկայական կորուստների և ադրբեջանցի զինվորների մասին, որոնց դիմավորում են այնպես, ինչպես պետք է զավթիչներին դիմավորել: Նա թքած ունի այն մայրերի վրա, որոնք իրենց որդիներին են հողին հանձնում և դեռ հանձնելու են։ Ալիևի՝ Թուրքիայում մնալը վառ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանի նախագահի միակ առաջնահերթությունը, բացի իր անձնական բարեկեցությունից, իշխանությունն է, որը նա կպահի ատամներով, բայց նաև հնարավորության դեպքում՝ հեռվից»,- նշված է հոդվածում: