Լինում են դեպքեր, երբ գերությունից փրկվում են ու դուրս են գալիս, բայց այդպիսի քանակ չկա. Ա. Հովհաննիսյանը՝ 170 զինծառայողի գտնվելու մասին (տեսանյութ)

664

Այդպիսի քանակ չկա: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող 170 զինծառայողների փրկվելու մասին լուրերին:

«Լինում են դեպքեր, այսօր էլ, երեկ էլ եղել, է, երբ զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են որոշ առանձին խմբեր, կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ ինչ-որ տեղ են հայտնվել՝ ծուղակ է եղել, կամ մոլորվել են, գերությունից փրկվել են ու դուրս են գալիս, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել, ամեն դեպքում շատ մեծ թիվ չէ»,-ասաց նա և նշեց, որ այս պատերազմը շատ դաժան պատերազմ է:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ։ «Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱԹՍ»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։

«Ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։ Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»,-ասաց նա: